20 հունիսի 2002 - 23:11 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԱՔ
Հայ-իրաքյան պատգամավորական խմբի անդամները վերջերս եղել են Բաղդադում: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այցը կայացել է Իրաքի խորհրդարանի բարեկամության պատգամավորական խմբի հրավերով: Երկրի ղեկավարության, մասնավորապես, Իրաքի խորհրդարանի նախագահ Սադուն Համադիի, փոխվարչապետ Թարիք Ազիզի եւ կառավարության անդամների հետ հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների վերաբերյալ: Իրաքյան իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, հայտարարել են, որ երկրի կառավարությունը եւ ժողովուրդը անընդունելի են համարում Իրաքի շրջափակումը: Գտնվելով տնտեսական ծանր դրության մեջ` Իրաքը ակնկալում է ոչ միայն մարդասիրական օգնություն, այլ նաեւ համագործակցության առաջարկներ, ասել են նրանք: Քննարկվել են նաեւ Իրաքի պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարելիք առաջիկա այցին վերաբերող հարցեր: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: