Ռումինիան առաջնային անհրաժեշտության ապրանքներ է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին

Ռումինիան առաջնային անհրաժեշտության ապրանքներ է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 7–ին վայրէջք է կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

«Սա Ռումինայի կառավարության կողմից Հայաստանին ուղարկվող բեռի մի մասն է միայն։ Բուխարեստից Երևան էլի չվերթ կա նախատեսված՝ Ստեփանակերտում պայթյունից տուժած անձանց բժշկական օգնության տեղափոխելու համար »,-ասել է օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունող Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, հայտնում է Panorama.am-ը։

Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---