10 հոկտեմբերի 2023 - 16:11 AMT
ՅՈւՆԻՍԵՖ. Արցախից բռնագաղթած երեխաները սուր հոգեբանական սթրեսի մեջ են՝ ոմանք մեկուսացել են բոլորից, դարձել անհաղորդ

Արցախից բռնի տեղահանված երեխաների մոտ առկա են սուր հոգեբանական սթրեսի նշաններ՝ առանց անհապաղ աջակցության նրանց հոգեկան առողջությունը կարող է վատթարանալ, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Նշվում է, որ ավելի քան 30,000 երեխա ստիպված է եղել փախչել իր տնից երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, ինչպես պատմում են ընտանիքները՝ նոր հարձակումների վախի պարբերական զգացումով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյունում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

«Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա»,–ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ ՅՈւՆԻՍԵՖ–ը նաև բոլոր երկրներին կոչ է անում ներդրումներ կատարել հոգեկան առողջության և երեխաների հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ:

Կազմակերպությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ ձևավորել են շարժական մանկաբուժական թիմեր, որոնք հնարավորություն կտան ամբողջ երկրում սկրինինգների միջոցով բացահայտել և արձագանքել հոգեկան առողջության կարիքներին:

ՅՈւՆԻՍԵՖ–ը երկրներին նաև կոչ է արել 12․6 մլն դոլար հավաքագրել՝ հետագա վեց ամսվա ընթացքում կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է հասել են Հայաստան: Ըստ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։