17 հոկտեմբերի 2023 - 15:55 AMT
Փաշինյանը Եվրախորհրդարանում ասել է՝ ՀՀ–ն պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթում հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը ՀՀ հարավով կկապի ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև ՀՀ հարավային շրջանները հյուսիս–արևմտյանի հետ։

Նա ասել է, որ ՀՀ–ում այդ նախագիծն անվանում են հայկական խաչմերուկ՝ հավելելով, որ այս նախագիծը ռեբրենդինգի ենթարկելու և Եվրախորհդարանի ամբիոնից այն խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է։

Վարչապետը շեշտել է, որ ՀՀ–ն երբեք ոչ մի տեղ իր ոչ մի տարածքի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել։

Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց «միջանցքային» զրույցների պետք է միմյանց համար բացեն ճանապարհները, անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա։

«Տրանսպորտային կոմունիկացիաների մասով փոխադարձության սկզբունքի պահպանմամբ ՀՀ–ն պատրաստ է գնալ ընթակարգերի պարզեցման։ Մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքում` հույս ունենալով նաև փոխադարձության»,– հայտարարել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է զորքերի հայելային հետքաշման 1991 թ. սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում ոչ մի զորք չի ունենա, ՀՀ–ն էլ` Ադրբեջանի տարածքում։