17 հոկտեմբերի 2023 - 17:05 AMT
Փաշինյան․ ՀՀ-ն ուզում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ հարաբերությունները։

Վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը չի ցանկանում դա որևէ կերպ հակադրել տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականին։

Նա նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է։

Նա նաև ասել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։

«ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաև անվտանգային բաղադրիչ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով:

Եվրոպական քաղաքական համայնքի Գրանադայի գագաթաժողովի և այսօրվա քննարկումների և ձեր ելույթի հայտարարության արդյունքներով ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս»,–ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ՀՀ–ն ակնկալում է Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը:

«Այլոց շարքում խոսքն ավելի քան 100 հազար հայերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանում առաջացած հումանիտար պրոբլեմների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,–ասել է նա:

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կարևորագույն գործընկեր է Եվրամիության համար։

«Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ–ին` անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»,– հայտարարել է նա: