17 հոկտեմբերի 2023 - 17:10 AMT
Վարչապետ․ ՀՀ–ն պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել անկլավների հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել անկլավների հարցը։ Նա նշել է, որ այդ մասին ինքը հրապարակայնորեն հայտարարել է նաև Հանրային հեռուստաընկերության եթերում։

Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կարևորել է նաև միջազգային հանրության, Եվրամիության աջակցությունը։

«Նրանք պետք է հետամուտ լինեն արձանագրված սկզբունքների պահպանմանը«–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, և եթե Գրանադայում ևս մեկ անգամ արձանագրված սկզբունքները վերահաստատվեն, ապա մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կդառնա խիստ իրատեսական։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։