17 հոկտեմբերի 2023 - 18:11 AMT
Ֆրանսիայի ՊՆ ղեկավար․ Օրակարգում է ՀՀ–ին պաշտպանական զենք վաճառելու հարցը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարարության հետ վերջնական տեսքի են բերելու համագործակցության օպերացիոն և կոնկրետ միջոցառումները։

Նա նշել է, որ օրակարգում է ՀՀ–ին պաշտպանական զենք վաճառելու հարցը

Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաև Հայաստանի վրա կախված սպառնալիքը, հայտնում է «Հետքը»։

Ի պատասխան, Լըկորնյուն ասել է, որ սերտորեն հետևում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, և նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։

«Պետության ղեկավարը (նախագահ Էմանուել Մակրոնը-խմբ.) հստակ սահմանել է, որ մեր օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ մեր քննարկումները։ Ես ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու համար, որպեսզի այս ամենը հնարավոր լինի իրագործել, բայց որոշ զինատեսակներ կարող են լինել խիստ պաշտպանական և առաջին հերթին ծառայել կյանքերի պաշտպանությանը և Հայաստանի անվտանգության ապահովմանը»,- շարունակել է Լըկորնյուն:

Նա սենատորներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ (քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին) կապի մեջ է լինելու Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ օպերացիոն և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։

«Դուք տեսնում եք, որ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանին, ես անձամբ շատ ներգրավված եմ և ազդված այն ամենից, ինչ տեղի է ունենում և կարծում եմ, որ սա նաև Ֆրանսիայի շահն է»,- եզրափակել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն իր համաձայնությունն է տվել ՀՀ հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել, որ Հայաստանը կարողանա իր պաշտպանությունը ապահովել: