17 հոկտեմբերի 2023 - 18:26 AMT
Ալիև․ Շատերն ասում էին` ԼՂ հարցը ռազմական լուծում չունի՝ մենք ցույց տվեցինք, որ ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարատության հարցը վերջնականապես փակվել է։ Այդ մասին նա ասել է Վարանդայում (Ֆիզուլի)՝ այնտեղ տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը։

«Շատերն ասում էին, որ հակամակարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցիքն, որ ունի, և վերջերս ցույց տվեցինք, որ թեման փակ է»,–ասել է Ալիևը, հայտնում է APA-ն։

«Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակվել է։ Անջատողականների գիրքը վերջնականապես փակվել է։ Դա մեծ երջանկություն է»,–ասել է Ալիևը։

Ալիևը նաև խոստովանել է, որ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչում և հավելել, թե 20-30 երկիր չի կարող միջազգային հանրություն համարվել։

«Նրանք սովոր են իրենցից բացի ոչ ոքին միջազգային հանրություն չհամարել և այժմ մեղադրանքներ են առաջ քաշում, թե մենք խաբել ենք միջազգային հանրությանը՝ հակաահաբեկչական գործողություններ կատարելով»,–ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի դեմ ագրեսիա իրականացնելուց և հայ բնակչությանն էթնիկ զտման ենթարկելուց հետո, Ստեփանակերտից սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա ասել է, թե «եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայի» Արցախի նախկին ղեկավարների գերեվարման կադրերը։

Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել քաղաքում և հայտարարել է, որ իր երկիրը «հասավ այն ամենին, ինչ ցանկանում էր»։