17 հոկտեմբերի 2023 - 18:48 AMT
Փաշինյանն ու Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են ԼՂ–ից բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100,000–ից ավելի հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի, կարևորվել է դրա շարունակականությունը:

Վարչապետ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի մոտ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։