Սաակաշվիլին՝ Փաշինյանին․ Պուտինը Ձեզ տապալելու է, գնացեք վա–բանկ` դուրս եկեք ԱՊՀ–ից, ԵԱՏՄ–ից, ՀԱՊԿ–ից

Սաակաշվիլին՝ Փաշինյանին․ Պուտինը Ձեզ տապալելու է, գնացեք վա–բանկ` դուրս եկեք ԱՊՀ–ից, ԵԱՏՄ–ից, ՀԱՊԿ–ից

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, ելնելով ՌԴ և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման իր փորձից, մի քանի խորհուրդ տվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հորդորել է Փաշինյանին անհապաղ պահանջել ՌԴ ռազմակայանի դուրսբերում, դուրս գալ ԱՊՀ–ից, ՀԱՊԿ–ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիություն և ՆԱՏՕ։

Ըստ նրա, Պուտինն ամեն ինչ անելու է Փաշինյանին տապալելու համար և հորդորել է վերջինիս վա–բանկ գնալ։

«Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, այսինքն Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխությամբ, և հավատացեք, ինչպես էլ նրան հաճոյանաք, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Առավել ևս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր ոխերիմ թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ։ Նա կսկսի ձեզ տնտեսապես խեղդել և կօգտագործի հիբրիդային պատերազմի ամբողջ զինանոցը:

Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո դուք չկարողացաք կամ չիրականացրիք հիմնարար բարեփոխումներ, ուստի Ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրոպական ինտեգրացիայի հարցում:

Որքան էլ բարդ լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ նետեք ցանկացած երկմտանք, գնաք վա–բանկ: Պահանջեք անհապաղ դուրս բերել ռուսական ռազմակայանը, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»,–ասվում է Սաակաշվիլու ուղերձում։

Նա նշել է նաև, որ 2013–ին Երևան էր եկել Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ՀՀ նախորդ իշխանություններին չանդամակցել Մոսկվայի հովանու ներքո գործող այդ կազմակերպություններից մի քանիսին։

«Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտ հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։

Անձնական խիզախության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և վերջնականապես խարխլել մեր տարածաշրջանը։

Բոլորիս վրա կախված վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություններ: Հուսով եմ` այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և Հայ ժողովրդին»,–գրել է Սաակաշվիլին:

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---