Իսպանիայի Սենատը դատապարտել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը

Իսպանիայի Սենատը դատապարտել է ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայի Սենատը հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստում միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն, հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի,

Սենատը՝

Խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

-Կոչ է անում կողմերին վերականգնել դիվանագիտական ուղիները և իր մերժումն է հայտնում Ադրբեջանի կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարով և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:

-Պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կառավարությունը վավերացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ կոնվենցիան։

-Ցավում և դատապարտում է մարդկային կյանքերի կորուստը և իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և Իսպանիայում բնակվող հայ համայնքին։

-Ընդգծում է Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում, և պահանջում է, որ նրանք թույլ տան միջազգային դիտորդների և հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։

-Հաշվի է առնում և աջակցում է ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերը՝ համարելով, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային, համընդհանուր և տևական լուծում գտնելուն։

-Ողջունում է Զարգացման միջազգային համագործակցության իսպանական գործակալության(AECID), ինչպես նաև Իսպանիայի կառավարության կողմից հատկացված մարդասիրական օգնությունը՝ խրախուսելով կատարելու լրացուցիչ ներդրումներ՝ տեղահանված բնակչության կարիքները հոգալու համար»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---