19 հոկտեմբերի 2023 - 15:35 AMT
Շուռնուխում և Որոտանում տունը կորցրած մարդիկ ևս 5 ամիս աջակցությունը կստանան

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի անշարժ գույքը կորցրած բնակիչները ևս 5 աջակցություն կստանան՝ 68,000 դրամ։ Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։

Աջակցությունը նախատեսված է 2023 թ. օգոստոսից-դեկտեմբեր ամիսների համար։

Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս է կառուցվում՝ 13 բնակելի տուն Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում բնակված անձանց համար։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023 թ. դեկտեմբերին։

Հիմնավորման մեջ ասվում է, որ այն քաղաքացիները, որոնք դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300,000 դրամ, իսկ 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. հուլիսը ներառյալ՝ ամսական 68,000 դրամ, 2023 թ. օգոստոս–դեկտեմբեր ամիսների ևս կստանան ամսական 68,000 դրամ աջակցություն։