19 հոկտեմբերի 2023 - 16:22 AMT
Սամվել Շահրամանյանը հանդես կգա հրապարակային խոսքով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդես կգա հրապարակային խոսքով, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ որոշ ԶԼՄ-ներով ու սոցցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

«Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:

Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:

Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։