19 հոկտեմբերի 2023 - 17:55 AMT
Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել, հայտնում է տեղեկատվական շտաբը։

Հրամանագրի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:

Հրամանագրով միաժամանակ սահմանվել է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդես կգա հրապարակային խոսքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։