19 հոկտեմբերի 2023 - 18:10 AMT
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։

«Երեխաներից 37–ը ծնվել են Երևանում, իսկ 35–ը՝ ՀՀ մարզերում»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նազարյանը հավելել է, որ առայսօր առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակներում գրանցվել է 38,102 անձ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։