19 հոկտեմբերի 2023 - 18:35 AMT
Ադրբեջանական ԶԼՄ․ Իրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպում կլինի

Առաջիկայում Իրանում տեղի կունենա «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան) հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով, գրում է ադրբեջանական Trend՝ իրազեկ աղբյուրին հղումով։

Ըստ պարբերականի, Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարությունից, սակայն, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են այս տեղեկությունը։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ նախարարի այցերի և հանդիպումների մասին պատշաճ կտեղեկացնեն, հայտնում է «Ազատությունը»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպումներին։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «3+3» հարթակն արդյունավետ ձևաչափ է տարածաշրջանային խնդիրները լուծելու համար։ Ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել էր, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։