28 հոկտեմբերի 2023 - 11:06 AMT
ՀՀ–ն կողմ է քվեարկել Գազայում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի ԳՎ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է արաբական երկրների բանաձևը, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԿ ԳՎ բանաձևին կողմ է քվեարկել 120 երկիր, այդ թվում Հայաստանը։ Դեմ է քվեարկել 14 երկիր, ձեռնպահ՝ 45–ը։

Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը ևս կողմ են քվեարկել, Վրաստանը ձեռնպահ է մնացել։

Դեմ են քվեարկել Իսրայելը, ԱՄՆ–ն, Ավստրիան, Խորվաթիան, Չեխիան, Գվատեմալան, Հունգարիան և մի քանի այլ երկիր։

Բանաձևի հեղինակը Հորդանանն է և ևս 40 երկիր։ Իսրայելին կոչ է արվում նաև չեղարկել Գազայի բնակչությանը դեպի հարավ տեղաշարժվելու իր հորդորը։

ՄԱԿ–ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, մեկնաբանելով ԳՎ որոշումը, հայտարարել է, որ ՄԱԿ–ում «այլևս մի գրամ լեգիտիմություն կամ ակտուալություն չի մնացել»։

Ըստ Էրդանի, Իսրայելը հենց նոր ենթարկվել է «Հոլոքոսթից հետո ամենամեծ կոտորածին», իսկ Թել Ավիվն իրեն «պաշտպանելու իրավունք չունի»։ Նա հավելել է, որ Իսրայելը ձեռքերը ծալած չի նստելու և թույլ չի տա հակառակորդին վերազինվել։

ՀԱՄԱՍ–ը հավանություն է տվել ՄԱԿ ԳՎ որոշմանը։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։

ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չէր ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։