Փաշինյան. Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական 3 սկզբունքը համաձայնեցված է

Փաշինյան. Ադրբեջանի հետ խաղաղության  հիմնական 3 սկզբունքը համաձայնեցված է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հիմնական 3 սկզբունքը համաձայնեցված է։ Այդ մասին նա ասել է ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«Եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը հիշեցրել է սկզբունքներից մեկը, համաձայն որի Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը համապատասխանաբար 29,800 քկմ և 86,600 քկմ։ Նա նշել է, որ այս թվերը հիմք են վերցվել` հասկանալով, որ հետագա քննարկումների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա և դելիմիտացիա։

Վարչապետը հավելել է այդ թվերը վերցված են խորհրդային հանրագիտարաններից (1977 թ. հրատարակություն) Հայաստանի խորհրդային սոցիալիստական և Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների վերաբերյալ վերջին արձանագրումներից։

«Երկրորդ սկզբունքն այն է, որ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ, ըստ էության, ելնում ենք այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ։ Հաջորդ սկզբունքն էլ ներառված է նախորդ 2 սկզբունքում` կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները։ Դրանք գործելու են փոխադարձության և հավասարության հիման վրա»,– ասել է նա։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---