Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան

Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան

PanARMENIAN.Net - 2019 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հոկտեմբերի 30–ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրեն ազատել են աշխատանքից։

«Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/: Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված»,–գրել էր նա:

ԿԳՄՍՆ–ից պարզաբանել էին տնօրենի ազատման պատճառները, հայտնում է Panorama.am-ը։

«Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) և առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,–ասվում էր նախարարության պարզաբանման մեջ։

Խոսքն Ուրուգվայ և Արգենտինա այցերի մասին է։

Անի Եղիազարյանը, խոսելով ազատման պատճառների մասին, գրել է․«Եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու։ Սա է եղել։ Իմ վերադարձին մասնամասն ներկայացրել եմ գործուղման արդյունքները», հայտնում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ դիմելու է դատարան։

«Իրավական առումով հիմք պետք է գտնեին։ Այս դեպքում էլ կան լուրջ բացթողումներ, որոնք դատական ընթացակարգով կհիմնավորվեն։ Դիմելու եմ դատարան, բայց ոչ թե որևէ մեկի դեմ բան ունեմ, շատ հարգում եմ բոլորին, ունեմ խորը հարգանք և մեր ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի, և նախարարի նկատմամբ, ուղղակի գործընթացներն այդ մասին են հուշում, որ պետք է գործեմ իրավական դաշտում»,–ասել է Եղիազարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---