3 նոյեմբերի 2023 - 13:10 AMT
ԱԳ նախարար․ ՌԴ հետ հարաբերություններում որոշ խնդիրներ կան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, և հավելել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Մենք բազմաոլորտ կապերով ենք կապված, հիմա, իհարկե, այս հարաբերություններում կան որոշ խնդիրներ: Շատ բաներից մենք բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք, որքան հասկանում եմ` Ռուսաստանում էլ նման վերաբերմունք կա», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Միրզոյանն ընդգծել է Հայաստանը համոզված է այն, ինչից ռուս գործընկերները զարմանում են, հետևանքն է այն քաղաքականության, որը հայկական կողմը տեսել է զանազան մեդիաեթերներում և այլն:

«Բայց սա առանձին թեմա է, մենք որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել ու բարեկամաբար առաջ շարժվել: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, հուսանք` կստացվի»,- նշել է ԱԳ նախարարը:

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրել է, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։ Պաշտոնական Երևանը արձագանքել է Հռոմի ստատուտի վավերացման հարցով ՌԴ-ից ստացված առաջարկներին։

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրին վերաբերող հարցերում: