3 նոյեմբերի 2023 - 13:36 AMT
Միրզոյան․ ՀՀ մոտ 200 քկմ Ադրբեջանի վերահսկողության տակ է

Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այդ մասին ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա այդ մասին խոսել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ՀՀ տարածքից քանի՞ քառակուսի կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, հայտնում է Panorama.am–ը։

«Մենք ունենք դեռևս 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի մոտ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»,–ասել է Միրզոյանը։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական զորքերը որտեղ տեղակայված էին, այնտեղ էլ մնում են, ոչ առաջ են եկել, ոչ էլ հետ են գնացել։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ են վարել հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։