3 նոյեմբերի 2023 - 17:26 AMT
Նախարար․ Չինական ընկերությունների հետ քննարկվել է ՀՀ–ում էլեկտրամոբիլներ արտադրելու հարցը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ չինական ընկերությունների հետ քննարկվել է ՀՀ–ում էլեկտրամոբիլներ արտադրելու հարցը։

Նա հավելել է, որ, մասնավորապես, չինական BYD ընկերության հետ է Հայաստանում համատեղ ընկերություն ստեղծելու հարց քննարկվել։

«Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD և մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ։ Քննարկել ենք Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։ Միայն մեր երկիրը կարող է հետաքրքիր շուկա լինել, որովհետև այստեղ մոտ 600,000 մեքենա կա, և դրանց միջին տարիքը 20–ից ավելի է։ Ավտոմեքենաների պարկը թեթևացնելու կարիք կա։ Դրա հետ մեկտեղ ցանկանում ենք տեղական արտադրություն սկսել»,– նշել է Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ էլեկտրական մեքենաների վերաբերյալ խնդիրն այն է, որ 2022-2023 թթ. եղած քվոտաները մասնակի են օգտագործվել։ Այսինքն` քվոտան 8000 է եղել, բայց նեմուծվել է 4000-ը։ Նա նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ քվոտաներն ավելացնելն իմաստ չունի, որովհետև այն տեմպը, որով մասնավոր սեկտորը մեքենաներ է ներկրում, այնպիսին է, որ դա կբավականացնի։