3 նոյեմբերի 2023 - 17:32 AMT
Քերոբյան. ԱՄԷ–ն առաջին անգամ դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 1–ինն է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացնելով ԵԱՏՄ և տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության ֆինանսական բյուջեն, ասել է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 2023–ի 9 ամիսներին ամենախոշոր երկիրը ԱՄԷ–ն է եղել, 2–րդ տեղում ՌԴ–ն է։

ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2023 թ. 9 ամսվա տվյալներով կազմել է 305 մլն դոլար, գրում է Sputnik Արմենիան։

Քերոբյանի խոսքով ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մի շարք ոլորտներում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես դեպի մեր երկիր զբոսաշրջիկների աճը առաջին 9 ամիսներին եղել է մոտ 65 տոկոս։

Ինչ վերաբերում է ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց ֆինանսական փոխանցումներին, ապա դրանց ծավալը 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին ևս աճել է` կազմելով 2.7 մլրդ դոլար կամ 42 տոկոս։

«2023 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի ՀՀ–ից գանձվել է 375.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ստացել ենք 136.5 մլն ԱՄՆ դոլար, բացասական սալդոն 9 ամսվա համար կազմել է 238.6 մլն ԱՄՆ դոլար»,– ավելացրել է նախարարը։

ԵԱՏՄ շրջանակում, ըստ նրա, ՀՀ–ն մի շարք երկրների հետ ունի տնտեսական արտոնյալ ռեժիմներ, այժմ բանակցություններ են ընթանում Իրանի, Եգիպտոսի, ԱՄԷ, Ինդոնեզիայի հետ։

Քերոբյանն անդրադարձել է նաև էլեկտրական շարժիչներով մեքենաների մաքսատուրքի ազատման հարցին` նշելով, որ 2023 թ. հոկտեմբերի 25–ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունվել ևս 2 տարով հետաձգել այս մեքենաների ներմուծման արտոնությունը։

«ՀՀ–ին յուրաքանչյուր տարվա համար կտրամադրվի 8 000 էլեկտրական մեքենայի քվոտա»,– ընդգծել է նա։

Քերոբյանը նաև նշել է, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ին ավելի շատ մաքսատուրք է վճարում, քան ստանում, դրա համար ՀՀ–ն ԵԱՏՄ–ում համարվում է դոնոր երկիր։