3 նոյեմբերի 2023 - 18:02 AMT
Աշոտյանի անունից կալանավորման ապօրինության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունից Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել կալանավորման ապօրինության վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա.Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով:

Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Սակայն դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ: Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել:

Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակույթյուն են և ծաղր իրավաբանության հանդեպ: Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով: ՔԿ-ից հայտնել են, որ նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները: