3 նոյեմբերի 2023 - 18:42 AMT
Գերմանիան ՀՀ–ին 9.3 մլն եվրոյի չափով հումանիտար օգնություն կտրամադրի

Գերմանիան Հայաստանին կտրամադրի հումանիտար օգնություն 9.3 մլն եվրոյի չափով` Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը։

Նա տեղեկացրել է, որ աջակցությանն են միացել նաև գերմանական տարբեր կազմակերպություններ, որոնք աջակցում են հատկապես տարեցներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց, հայտնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով ԼՂ հարցի քաղաքական կողմին` նա ասել է, որ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն անվտանգության հարաբերությունների պայմաններ ստեղծել, որպեսի նրանք հանդիպեն բանակցային սեղանի շուրջ»,– ասել է նա։

Անալենա Բերբոքը համոզմունք է հայտնել, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերով ԵՄ–ն կամուրջ կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար, այդ իսկ պատճառով նա կարևորել է բանակցությունների վերսկսումը։

«ԵՄ առաքելության միջոցով մենք փորձում ենք մեր ներկայությամբ կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,– ասել է Բերբոքը։

Նա վստահեցրել է, որ Գերմանիան կկատարի իր հանձնառությունը, որ ԵՄ–ն ամրապնդի իր առաքելության գործունեությունը։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։ Այցի ընթացքում Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: