3 նոյեմբերի 2023 - 19:20 AMT
Միրզոյան. Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանի կողմից հավակնություններ, տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասել է Միրզոյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ սահմանների հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա։

«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,–ասել է նա։

Արարատ Միրզոյանը խոստովանել է նաև․ «Անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան»։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը։ Այցի ընթացքում Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: