6 նոյեմբերի 2023 - 14:05 AMT
Նախարար․ ՀՀ-ում ջրծաղիկի պատվաստանյութ կկիրառվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն:

Նախարարը ներկայացրել է, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում, հայտնում է Aysor.am-ը։

«Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է», - ասաց Ավանեսյանը:

Նախարարը նկատել է, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի: Նա հավելել է, որ, եթե, օրինակ, մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր:

Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։ Մասնավոր կլինիկաներում ջրծաղիկի դեմ պատվաստման մեկ դեղաչափի արժեքը 45-47 հազար դրամ է: Տարեկան միջինը պատվաստվում է մոտ 1000 մարդ։