Ղազարյան․ Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում

Ղազարյան․ Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

ՆԳՆ ավելի վաղ հայտնել էր, որ արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել։

«Երևանի անձնագրային բաժիններում մենք ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգ, բայց ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սպասարկում են արտահերթ էլեկտրոնային համակարգից դուրս»,–նշել է նա ընդգծելով, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը լինելու է մաքսիմալ հեշտացված։

Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների կապույտ անձնագրերին, ապա Ղազարյանը պարզաբանել է, որ դրանք տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե քաղաքացիության հավաստում: Այդ անձնագրերի տրամադրումը կշարունակվի, եթե մարդիկ ունեն ժամկետի խնդիր, վնասել են կամ կորցրել դրանք։

Ծառայության պետը նշել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։

«Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների»,– ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---