Շվեյցարիան 1․5 մլն շվեյցարական ֆրանկով կավելացնի աջակցությունը ՀՀ–ին՝ մարդասիրական օգնության նպատակով

Շվեյցարիան 1․5 մլն շվեյցարական ֆրանկով կավելացնի աջակցությունը ՀՀ–ին՝ մարդասիրական օգնության նպատակով

PanARMENIAN.Net - Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց՝ անհապաղ հատկացնելով 1.5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև: Այդ մասին ասվում է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատ հաղորդագրության մեջ։

«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100,000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը գործադրում են բոլոր ջանքերը այդ մարդկանց ընդունելու և աջակցելու համար հնարավոր լավագույն պայմաններ ստեղծելու նպատակով, հատկապես գալիք ձմռան հետ կապված։

Ծայրահեղ այս իրավիճակին արձագանքելու նպատակով Շվեյցարիան 1․5 միլիոն շվեյցարական ֆրանկ հատկացնելու նախնական որոշումներ է կայացրել՝ տեղում մարդասիրական գործողություններին համակողմանի աջակցելու համար։ Երեք առանցքային դերակատարների, այն է՝ ՊՀԾ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի և ԿԽՄԿ-ի միջև հավասարապես բաշխված միջոցներն ուղղելու են փախստականների կենսական կարիքների բավարարմանը։ Հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները՝ բոլոր երեք միջոցառումներն ուղղված կլինեն փախստականների տեղավորմանը, պարենային անվտանգության բարելավմանը և տնտեսական կայունության բարձրացմանը։

ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Շվեյցարիայի կողմից տրամադրվող 500, 000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհը կօգտագործի Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «REBCA» (Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում) ծրագիրն ընդլայնելու համար, որը մեկնարկել է դեռևս 2022թ․ նոյեմբերին։ Լրացուցիչ միջոցների հաշվին «REBCA» ծրագիրն առաջնահերթ ուշադրություն է դարձնելու Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղական բնակավայրերում բնակություն հաստատած առավել խոցելի փախստականներին, ինչպես նաև նրանց հյուրընկալող ընտանիքներին՝ նրանց տրամադրելով անհապաղ մարդասիրական, հոգեսոցիալական և տնտեսական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում կստեղծվեն նաև ինտեգրման մեխանիզմներ՝ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 500,000 շվեյցարական ֆրանկի չափով ներդրումը ՄԱԿ-ի Փախստականների արձագանքման ծրագրում (ՓԱԾ, RRP) հաստատվել էր հոկտեմբերի սկզբին, որի շրջանակներում գլխավոր գործընկեր է հանդիսանում ՄԱԿ-ի ՓԳՀ-ն։ ՓԱԾ-ը կամրապնդի ՄԱԿ ՓԳՀ-ի արտակարգ գործողությունները՝ օժանդակելու փախստականներին ընդունելուն և դիմակայունությունը բարձրացնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին։

Որպես լրացուցիչ միջոց՝ հաղորդակցության և տվյալների վերլուծության ապահովման նպատակով ՄԱԿ-ի համապատասխան կազմակերպությունների համար հատկացվել է շվեյցարացի փորձագետ։

«500,000 շվեյցարական ֆրանկի չափով վերջին մասը կուղղվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համատեղ աշխատանքների իրականացմանը, որոնք տրամադրում են հրատապ հոգեսոցիալական և տնտեսական օժանդակություն։ ԿԽՄԿ-ն շարունակելու է աջակցել նաև Հայաստանի իշխանություններին՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու անհետ կորածների ընտանիքներին։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն 2023 թվականին ԿԽՄԿ-ին՝ տարածաշրջանում իր գործունեությունն իրականացնելու նպատակով արդեն իսկ հատկացված մեկ միլիոն շվեյցարական ֆրանկի չափով ֆինանսավորման»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
Փետրվարի 6–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +11, իսկ փետրվարի 7–ին՝ +13 աստիճան
Նա ասել է նաև, որ ինքը չի հարցաքննվել
---