Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգա 2024-ին

Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգա 2024-ին

PanARMENIAN.Net - Գործադիրը մոտ 620 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենին. կփոխարինվի 32 անվազույգ և 4 կմ ռելս: Բացի այս, նախատեսված է ևս 200 մլն դրամի պահեստամասերի ձեռքբերում: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ասել է, որ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված 3 վագոն գիծ դուրս կգա 2024 թվականին, հայտնում է Sputnik Արմենիան։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է` արդյոք կան կանգնած վագոններ, որոնց գիծ դուրս բերելուց հետո մետրոպոլիտենի ծանրաբեռնվածությունը կթեթևանա։

«Այժմ մոտ 10 կանգնած վագոն ունենք. կսկսեն աշխատել 3-ը։ Եթե 3 ամսվա մեջ մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»,- ասել է Սեդրակյանը։

Նրա խոսքով` մրցույթներ ունեն, հաղթողներ կան, և պահեստամասեր են պետք վագոնների վերանորոգման համար։ Միայն անվազույգերով հարց չի լուծվի։

«Մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիսին, էլի կառավարություն ներկայացրել ենք` ավելի քան 300 միլիոն է պետք, և ունենք շարժասանդուղքների հետ կապված խնդիր, անհրաժեշտ է 520-530 մլն դրամ»,- ասել է նա:

Հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա նշել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, բայց մերժում են ստացել։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի ուշ վստահեցրել էր, որ նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։ Նա ընդգծել էր, որ 2023թ–ին հատկացված ֆինանսավորումից բացի, մետրոպոլիտենին հրատապ դեպքերի համար գումարներ են հատկացվել նախարարության պահուստային ֆոնդից, իսկ 2024–ին 5,5 մլրդ դրամ է հատկացվելու։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---