7 նոյեմբերի 2023 - 15:15 AMT
Քրհետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ մոտ 20 ներկայացուցչի նկատմամբ

44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի մոտ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիկան բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտամգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից։

Նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ մոտ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից»,-ասվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։