Հայաստանում անհրաժեշտ է ներմուծել սոցիալ- աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացման մշակույթ

PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է ներմուծել սոցիալ- աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացման մշակույթ, որն ուղղված է երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանի աշխատանքի խթանմանը, սոցիալական գործընկերության եւ համաձայնության կայացմանը եւ զարգացմանը: «Դա աշխատանքի ոճն է, աշխատանքի մշակույթը, որը վաղուց գործում է աշխարհի շատ երկրներում»,- լրագրողներին ասել է Հայաստանի Արհմիությունների համադաշնության նախագահ Էդուարդ Թումասյանը մայիսի 1-ին` Աշխատավորների օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով Հայաստանը մինչեւ Հանրապետական հավաքական պայմանագրի ստորագրումը, ԱՊՀ այն երկրներից էր, որտեղ այդ ավանդույթը զարգացած չէր:





Ինչպես հաղորդել է Թումասյանը, նախկին պայմանագիրը ստորագրվել է 1995-ին Հայաստանի կառավարության եւ Արհմիությունների համադաշնության միջեւ եւ հանդիսանում է երկկողմանի համաձայնագիր, սակայն այդ շրջանի ծանր պայմաններից ելնելով, այն այդպես էլ մնաց «թղթի վրա»: «Ի տարբերություն նախկին պայմանագրի` այդ եռակողմ պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքում օրենսդրական հիմքեր ունի, եւ բոլոր կողմերը պատասխանատվություն են կրելու այն չկատարելու դեպքում»,- նշել է նա:





Հանրապետական հավաքական պայմանագիրը նպաստելու է Հայաստանի աշխատաշուկայի զարգացմանը եւ պաշտպանելու է աշխատողների շահերը: «Անընդունելի է, որ աշխատաշուկայում օգտագործեն այսպիսի գովազդային տողեր` պահանջվում է 20-30 տարեկան բարետես արտաքինով աշխատող»,- ընդգծել է Արհմիությունների համադաշնության նախագահը: Եռակողմ պայմանագիրը Թումասյանի կարծիքով թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ, որոնք կապված են անվտանգության նորմերի եւ աշխատանքի կազմակերպման, նվազագույն աշխատավարձի հաստատման եւ նրա հետագա բարձրացման հնարավորությունների հետ, հատկապես համաշխարհային ճգնաժամի պայմաններում: «Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆինանսատնտեսկան ճգնաժամը բացասական ազդեցություն է գործում եւ աշխատաշուկայում իրավիճակը սրվել է, եւ այդ առնչությամբ տվյալ պայմանագրի ստորագրումն արդիական է հենց այս ժամանակ»,- ասել է Թումասյանը:





2009-ի ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունը, Հայաստանի Արհմիությունների համադաշնությունը եւ Հայաստանի Գործատուների հանրապետական միությունը, համաձայն ՀՀ Աշխատանքային օրեսգրքի, ստորագրել են Հանրապետական հավաքական պայմանագիր, որում հաստատվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքները եւ դրանց իրականցման համար կողմերի համատեղ գործողությունները: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը» Հայաստանի Արհմիությունների համադաշնության նախագահ Էդուարդ Թումասյանը եւ Հայաստանի Գործատուների հանրապետական միության (արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի) նախագահ Արսեն Ղազարյանը:



Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը գործելու է մինչեւ 2012-ի հունիսի 30-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---