Արցախի նախագահը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի նախագահը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով քննության առնել ԱՀ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին»,–ասվում է հրապարակման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---