Արցախի գերեվարված ղեկավարների և մյուսների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին

Արցախի գերեվարված ղեկավարների և մյուսների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Այդ մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նրանց լուսանկարները։

Սամվելյանն ասել է, որ այժմ առարկությունների փուլն է։

«Եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին»,–ասել է նա։

Այդ տվյալները Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։ Դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել էր Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել էր ՄԻԵԴ-ին։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---