Դեսպան․ Միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է

Դեսպան․ Միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է

PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Diplomatic Life of Greece ամսագիրն տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։

Նա նշել է, որ ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ։

«Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։ Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների»,–ասել է նա։

Դեսպանը նշել է, որ տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

«Հայաստանը հետևողական է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցում՝ կիրառելով առկա բոլոր միջազգային իրավական գործիքները: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակույթը բավականին յուրահատուկ է, ներառյալ տեղական բարբառը։ Այսօր Հայաստանը բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների, ինչպիսիք են 100 հազար փախստականների բնակարանով ապահովելը և աշխատանքով ապահովելը, չնայած դրան, ջանքեր են գործադրվում ապահովելու ղարաբաղցի հայերի կոմպակտ բնակչությունը, պահպանելու ձևավորված կրթական մշակույթը, հասարակական հաստատությունները, որոնց նպատակն է պահպանել ղարաբաղյան բնօրինակ մշակույթն ու ավանդույթները։

Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։ Եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Նախիջևանում է՝ հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։ Բարբարոսությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դատապարտելի է և պետք է կանխվի օր առաջ»,–ասել է դեսպանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---