9 նոյեմբերի 2023 - 12:18 AMT
Միրզոյանը ողջունել է G7-ի հայտարարությունը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի հայտարարությունը, որով Բաքվին կոչ է արվում ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ողջունելով G7-ի հայտարարությունը, մենք ընդգծում ենք, որ վճռական միջազգային քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների կատարումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար»,–ասվում է գրառման մեջ

G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարները Ճապոնիայում նոյեմբերի 8–ի համատեղ հայտարարությամբ «լրջագույն անհանգստություն» են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Նրանք կոչ են արել Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։