ԵՄ պաշտոնյա․ ԵՄ քաղգիծը ՀՀ-ին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է

ԵՄ պաշտոնյա․ ԵՄ քաղգիծը ՀՀ-ին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է

PanARMENIAN.Net - Եվրամիության քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։ Այդ մասին ասել է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Եվրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ՝ Բրյուսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ։

Նա այդպես է պատասխանելհարցին, թե որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ և ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։

«Ըստ մեր տեղեկությունների բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագիրն է դրված, որի շուրջ պետք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. և ԵՄ-ն մեծ հույսեր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգված հարցեր՝ բանտարկյալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրա են, որոնք դեռևս երկու երկների միջև առճակատման խնդիրների առարկա են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, և դա այն է, ինչ մենք ուզում ենք», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և շեշտադրել, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հասնելը եվրոպական անվտանգության տեսանկյունից կարևոր գործոն է։ Պաշտոնյան նաև հավելել է, որ քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից հետո թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդավար ուղու վրա մնալու համար։

Այն հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտոնյան պատասխանել է. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, ցանկանում ենք շարունակել հնարավորինս շատ վստահություն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդյունավետորեն տարածել աջակցության քաղաքական առաքելությունները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, և հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք խոսել Հայաստանի իշխանությունների հետ»։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, և ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ ասել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտին հասցնել և խաղաղության պայմանագիր կնքել։

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պետք է տեղի ունենար Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, սակայն այն չկայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցությունից։

Photo. AP
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---