ԱՄՆ պետդեպը զեկույց է պատրաստում ԼՂ–ում իրադարձությունների վերաբերյալ

ԱՄՆ պետդեպը զեկույց է պատրաստում ԼՂ–ում իրադարձությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը զեկույցէ պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ցանկանում եմ հանձնաժողովին տեղեկացնել, որ պետքարտուղարի հանձնարարությամբ համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է նա, գրում է Արմենպրեսը։

Նա հստակեցրել է, որ դրա համար ներգրավել են անկախ հետաքննողների, կան իրենց հետաքննողները, ինչպես նաև տեղեկություններ կան միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից և այլ հետաքննողներից։ Նա հետաքննության համար ժամկետներ չի նշել, սակայն վստահեցրել է, որ բաց կլինեն իրենց հավաքած տեղեկատվությամբ կիսվելու առումով։

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանմանը՝ Օ՛Բրայենը նշել է, որ իրենք պնդում են, որ այդ մարդիկ պետք է ամբողջական հասանելիություն ունենան այդ տարածքին (խմբ․ Լեռնային Ղարաբաղ), նրանց սեփականությունը, մշակույթը պետք է պաշտպանված լինի։

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է համապատասխան տեղեկատվություն ստանան, որպեսզի կարողանան ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ և իմանան, որ իրական հնարավորություն կունենան Լեռնային Ղարաբաղ վերադառնալու և այնտեղ լավ ապրելու, եթե նման որոշում կայացնեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---