20 նոյեմբերի 2023 - 10:28 AMT
Հնդկաստանը ՀՀ-ին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կտրամադրի

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդել է Indian Defense Research Wing պորտալը:

Հաղորդագրության համաձայն՝ MArG 155-ն արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով, քարշակող 4 անիվներով համակարգը բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում, հայտնում է «Ազատությունը»։

Նշվում է, որ մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ունիվերսալ և ահեղ զենք մարտական ժամանակակից սցենարներում, նշված է հաղորդագրությունում:

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, ինչով Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, և 2022 թվականի սեպտեմբերին Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրվել», - փոխանցում է հնդկական պարբերականը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այդ մասին ասվում է Indian Aerospace Defence News–ի X-ի միկրոբլոգում։ Նռնակները կմատակարարի Munitions India Limited ընկերությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցել է սպառազինության մատակարարումների մասին, որոնք իրականացվելու են ըստ 2022–ի սեպտեմբերին երկրների միջև կնքված պայմանագրերի։ Նշվում է, որ պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուպի ($244․7 մլն), որոնց համաձայն Հնդկաստանն արդեն Հայաստան է առաքել սեփական արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են արտերկիր վաճառվել, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Նշվում է, որ առաքումն իրականացվել է Իրանի տարածքով։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։