Կլաար․ Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկի Հայաստանը

Կլաար․ Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկի Հայաստանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։

Նա ասել է, որ դա միանգամայն տրամաբանական է, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիեւն այլ դեպքերում եւս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետեւաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով»,–ասել է Կլաարը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանն իր գոհունակությունն էր հայտնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղիների համաձայնեցման շուրջ։ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» նախագծից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---