Նախարար․ 20–30,000 հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում, զբոսաշրջիկները քիչ են

Նախարար․ 20–30,000 հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում, զբոսաշրջիկները քիչ են

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ սահմանահատումների տվյալներով` 2010 թվականից սկսած 20–30 հազարից քիչ հնդիկ կա Հայաստանում, նրանք աշխատանքային միգրանտներ են։

«Կա զբոսաշրջիկի միջազգային մեթոդաբանություն. այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, նրանք զբոսաշրջիկ չեն համարվում։ Եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ այցելել մեր երկիր, մենք միայն ուրախ կլինենք ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Հնդկաստանից զբոսաշրջային հոսքերը դեպի ՀՀ այնքան էլ շատ չեն»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարի խոսքով` Հնդկաստանից, Իրանից, Ուզբեկստանից եկած աշխատանքային միգրանտները հիմնականում աշխատում են շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում, ու նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ չեն։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներ գալիս են հիմնականում ՌԴ–ից, Ուկրաինայից, Բելառուսից։

Այնուամենայնիվ, ըստ Քերոբյանի, ՀՀ կառավարությունն իր հիմնական ջանքերն ուղղում է նրան, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կարողանան արագ աշխատանքի տեղավորվել, որ դառնան «տնտեսական ուժ, այլ ոչ թե բեռ»։

Վահան Քերոբյանը նշել է, որ ասիական շուկան մեր երկրի համար զարգացման մի նոր ուղղություն է, և այդ պատճառով հայկական պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են ասիական երկրներում կազմակերպված ցուցահանդեսների, իրականացնում գովազդային տարբեր միջոցառումներ։

«Անցած շաբաթ ես Ճապոնիա էի գնացել, ու մենք «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում պլանավորում ենք ՀՀ–ն ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»,– վստահեցրել է նախարարը։

Նրա խոսքով` այդպիսով ՀՀ կառավարությունը դիվերսիֆիկացնում է իր զբոսաշրջային ջանքերը, որպեսզի կարողանան ավելի համաչափ զարգացնել երկրի զբոսաշրային հոսքերը տարբեր ուղղություններով։

Կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է ներկայացրել զբոսաշրջության մասին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ ՀՀ ճանաչելիության, ինչպես ենթակառուցվածքների զարգացման մասով վերջին 2–3 տարում զբոսաշրջային բյուջեն բազմապատկվել է․ եթե 2019–ին այն կազմում էր մոտ 2 մլրդ, ապա 2024-ին բյուջեն 13 մլրդ 200 մլն է։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---