Հատուկ երեկո՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո

Հատուկ երեկո՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Տիգրան Համասյանի Երևանյան համերգներին ընդառաջ ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահում տեղի է ունեցել հատուկ երեկո, որի ընթացքում հյուրերը վայելել են Տիգրան Համասյանի և կոնտրաբասահար Ռիք Ռոզատոյի անկրկնելի երաժշտությունը, որին նվագակցել է նաև Տիգրան Համասյանը։

2021 թվականին բացված Տիգրան Ձիթողցյանի արվեստանոց-ցուցասրահը՝ որպես միջոցառման վայրի ընտրություն, ևս պատահական չէր, քանի որ հնչող երաժշտությանը լրացուցիչ եզր են հաղորդել նկարչի հանրահայտ կտավները՝ մասնակիցներին պարգևելով հուզական անմոռանալի փորձառություն։

Տիգրան Համասյանը մեր օրերի բացառիկ երաժիշտներից է, ում որդեգրած եզակի ոճի շնորհիվ աշխարհն առավել հաղորդակից է դառնում հայկական երաժշտությանը, մշակույթին և ժառանգությանը։ Իսկ հայրենիքում նրա համերգները ոչ միայն սպասված են, այլև անփոխարինելի տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի մշակութային օրացույցում։ Ուստի 2023 թվականի իր համաշխարհային շրջագայությունը չէր կարող շրջանցել Հայաստանը։

Այս անգամ նրա երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան հանդիպելու Համասյանին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում նոյեմբերի 20-ին, 21-ին և 22-ին։

«Երաժշտական կենդանի կատարումներն արվեստի այն դրսևորումներից են, որոնք ծնվում են վարպետության, կրքի և ստեղծագործականի արդյունքում և նշանավորում պահի վայելքը։ Վստահ եմ, որ լավ երաժշտությունը՝ ինչպես բարձր արվեստի մի ճյուղ, օգնում է մեզ խորհել, բացահայտել ինքներս մեզ և բերել դեպի զգացմունքների նոր հորիզոններ»,- ասել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

ARARAT հայկական կոնյակը շարունակում է աջակցել մշակութային առանձնահատուկ միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Այս երեկոն ևս մեկնարկել է ARARAT-ի հյուրասիրությամբ՝ հյուրերին հնարավորություն ընձեռելով վայելելու ARARAT կոնյակը, ինչպես նաև նորովի բացահայտելու լեգենդար խմիչքի համային առանձնահատկությունները՝ համտեսելով նրա հիմքով պատրաստված կոկտեյլներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---