22 նոյեմբերի 2023 - 10:33 AMT
ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը պայմանավորվել են 4–օրյա հրադադարի մասին

ՀԱՄԱՍ–ն ու Իսրայելը տևական բանակցությունների արդյունքում պայմանավորվել են Գազայի հատվածում 4–օրյա հրադադարի մասին, հայտնել է պաղեստինյան շարժումը Telegram-ի իր ալիքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բարդ և դժվար բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենազոր Աստծո օգնությամբ հասել ենք հումանիտար հրադադարի (կրակի ժամանակավոր դադարեցման) մասին համաձայնության, շնորհիվ Կատարի և Եգիպտոսի համառ ջանքերի, որի համաձայն երկու կողմերը կդադարեցնեն կրակը»,–ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածի բոլոր շրջաններում և կկասեցնի իր տեխնիկայի շարժը։

Ըստ պայմանավորվածության, հարյուրավոր բեռնատարներ հումանիտար և բժշկական բեռներ կհասցնեն անկլավի բոլոր շրջաններ, ՀԱՄԱՍ–ը գերությունից ազատ կարձակի 50 պատանդի՝ կանանց և մինչև 19 տարեկան երեխաների, Իսրայելի բանտերից 150 պաղեստինցի կանանց ու երեխաների ազատ արձակման դիմաց։

Կողմերը պարտավորվել են հրադադարի ժամանակ զերծ մնալ հարձակումներից, ինչպես նաև ապահովել քաղաքացիների ազատ տեղաշարժը հյուսիսից հարավ՝ Սալլահ էդ Դին մայրուղով։

Բացի այդ, կդադարեցվեն բոլոր թռիչնքերը Գազայի հարավում՝ 10։00–ից մինչև 16։00–ն։

ՀԱՄԱՍ–ը սպառնացել է, որ իր գումարտակները մարտական պատրաստականության բերված կմնան՝ «պաշտպանելու համար պաղեստինցի ժողովրդին, անկախ Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարից»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այլևս չի վերահսկում Գազայի հատվածը։

ՀԱՄԱՍ–ն իշխանության է եկել Գազայում 2007–ին ընտրությունների արդյունքում, այնուհետև բռնի դուրս է մղել քաղաքական ընդդիմադիրներին։ Այդ ժամանակից ի վեր այդ խմբավորման գրոհայինները մի քանի անգամ պատերազմել են Իսրայելի դեմ։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Գազայի հատվածին, որտեղ նույնպես շատ են զոհերը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ ՀՀ–ն Իսրայելից մոտ 150 ՀՀ քաղաքացու և ազգությամբ հայի է տարհանել։

Photo. AP