ԱԺ խոսնակն Իրաքի նախագահի հետ քննարկել է բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԺ խոսնակն Իրաքի նախագահի հետ քննարկել է բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Քաղաքական երկխոսության համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է ՀՀ նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը. ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

Իրաքի նախագահը կարևորել է Իրաքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության և մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են և մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը եւ գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը:

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 Ուշագրավ
---