25 նոյեմբերի 2023 - 15:45 AMT
Գինու զբոսաշրջության 8–րդ համաշխարհային համաժողովը կանցնի Հայաստանում

2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում:

2023 թվականի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:

Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ

2017–ից ամեն տարի նշվում է Երևանի Գինու օրեր մեծամասշտաբ փառատոնը Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում։ Փառատոնի նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը։