Porsche-ն ներկայացրել է շքեղ սպորտային Panamera-ի երրորդ սերունդը

Porsche-ն ներկայացրել է շքեղ սպորտային Panamera-ի երրորդ սերունդը

PanARMENIAN.Net - Porsche-ն թարմացրել է Panamera մոդելը․ շքեղ սպորտային սեդանի երրորդ սերունդն առանձնանում է թվային ֆունկցիաների ավելի մեծ ընտրանիով, թարմ և արտահայտիչ դիզայնով, ավելի լայն դինամիկ բնութագրերով և հարմարավետության բարձր մակարդակով:

Երրորդ սերնդի Porsche Panamera սեդանը սպորտային է և ունի ավելի հզոր շարժաբեր համակարգեր։ Այն ներկայանում է լիովին արդիականացված կառավարման հայեցակարգով և բազում նորարարական տեխնոլոգիաներով: Դրանց թվում է Porsche Active Ride կախոցը՝ հարմարավետության զգալիորեն բարելավված մակարդակով և սպորտային վարման բնութագրերով, ինչով և հայտնի է Porsche-ն: Վարորդի սեփական թվային համակարգի ինտեգրումը կառավարման համակարգում (PCM) առաջարկում է բոլորովին նոր փորձառություն։

Տեխնիկապես հագեցած, միևնույն ժամանակ նրբագեղ նոր Panamera-ի դինամիկ դիզայնը թարմ շունչ է հաղորդում մոդելային շարքի գրավիչ համամասնություններին: Վարորդին օժանդակող համակարգերի լայն ընտրանին և հիմնովին վերափոխված, վարորդակենտրոն սրահն էլ ավելի են մեծացնում վարելուց ստացված հաճույքը:

Գերազանց զգացողություններ՝ շնորհիվ նորարարական կախոցի

Նոր Panamera-ի ստանդարտ համալրման կազմում է երկխցիկ և երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով: Երկփականային տեխնոլոգիան առաջարկում է ավելի լայն հնարավորություններ հարմարավետ ու սպորտային վարման ռեժիմների միջև: Համակարգը նկատելիորեն մեղմացնում է լայնական միացումների և վնասված ճանապարհներից ստացված ազդեցությունը, միևնույն ժամանակ դինամիկ վարման ընթացքում ապահովում է կայունության ավելի բարձր մակարդակ: Մեքենայի կառավարումը հնարավոր է առավել բարելավել ընտրովի լիաքարշակ համակարգի օգնությամբ:

Ավելին, նոր Panamera-ի E-Hybrid մոդելների համար որպես տարբերակ հասանելի է Porsche Active Ride ակտիվ կախոցը: Այս համակարգը բոլոր կարևոր պարամետրերով գերազանցում է այլ կախոցների կոնցեպտները և առաջարկում է աննախադեպ տիրույթ վարման հարմարավետության և վարման դինամիկայի միջև: Դրա հիմքը նոր մշակված, ակտիվ ցնցամեղմիչներ են (նույնպես երկփականային համակարգով), որոնցից յուրաքանչյուրը միացված է էլեկտրական հիդրավլիկ պոմպին։ Սա ստեղծում է ծավալային հոսք՝ ըստ պահանջի և, հետևաբար, կարող է կայծակնային արագությամբ, գերճշգրիտ և նպատակային կերպով թափքի և անիվների միջև ստեղծել ուժեր, որոնք հակազդում են և գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են երթևեկման արդյունքում առաջացած ուժերը: Թեթևացված մեկ խցիկով պնևմատիկ կախոցը լրացնում է այս տեխնոլոգիան:

Հենասարքը Panamera-ի թափքը մշտապես պահում է հորիզոնական վիճակում՝ անգամ դինամիկ արգելակման, ղեկակառավարման և արագության մանևրների ժամանակ: Արդյունքում՝ ապահովվում է սահուն մեքենավարում, քանի որ համակարգը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է ճանապարհային անհարթությունները: Դինամիկ վարման իրավիճակներում Porsche Active Ride համակարգն ապահովում է կատարյալ կցորդում ճանապարհածածկի հետ՝ անիվների վրա բեռնվածքի հավասարակշռված բաշխմամբ:

Համապատասխան ռեժիմի ակտիվացման դեպքում կախոցը կարող է կառավարել ճոճման և գլորման տենդենցները՝ ուղևորների վրա ազդող արագացման ուժերը նվազեցնելու համար: Այսպիսի իրավիճակներում նոր Panamera-ն շրջադարձերի ժամանակ թեքվում է այնպես, ինչպես մոտոցիկլետը: Անշարժ վիճակում Porsche Active Ride համակարգը կարող է կարգավորել թափքի բարձրությունը հարմարավետ մուտքի կամ ելքի համար:

E-Performance և արդիականացված շարժիչներ

Porsche-ն առաջարկում է չորս տեսակի՝ բարձր արդյունավետությամբ E-Hybrid ուժային ագրեգատներ նոր Panamera-ի համար՝ ի պատասխան այս տեսակի շարժիչների մեծ պահանջարկի: Բոլոր E-Hybrid տարբերակներն առաջարկում են կատարողականության, ընթացքի պաշարի և արդյունավետության ավելի բարձր մակարդակ: Panamera Turbo E-Hybrid-ն արդեն պատրաստ է՝ մուտք գործելու շուկա: Այն համալրված է չորս լիտրանոց V8 turbo շարժիչով: Բոլորովին նոր մշակված էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 140 կՎտ (190 ձիաուժ): Գումարային հզորությունը կազմում է 500 կՎտ (680 ձիաուժ): Իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 930 Նմ է: Porsche-ն ինտեգրել է էլեկտրական շարժիչը լիովին վերամշակված՝ կրկնակի կցորդմամբ 8-աստիճան PDK փոխանցման տուփի կորպուսում: Էլեկտրական շարժիչի համար նախատեսված առանձին կորպուսից հրաժարվելը խնայում է մոտավորապես հինգ կիլոգրամ քաշ: Ագրեգատի ինտեգրումը փոխհաղորդակի յուղապոմպում նաև օպտիմալացնում է էլեկտրաշարժաբերի ջերմային հավասարակշռությունը և ապահովում էլեկտրական շարժիչի ավելի բարձր ու շարունակական հզորություն:

Panamera Turbo E-Hybrid-ը մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է 3.2 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 315 կմ/ժ։ Մարտկոցի կարողությունն այժմ կազմում է 25.9 կՎտժ: WLTP համակցված ցիկլում ընթացքի էլեկտրական պաշարը կազմում է 91 կմ, իսկ քաղաքային պայմաններում՝ 83–93 կմ: Նոր 11 կՎտ հզորությամբ ՓՀ լիցքավորիչի շնորհիվ մարտկոցը հնարավոր է լիցքավորել 2 ժամ 39 րոպեում՝ համապատասխան լիցքավորման կետերում:

Գործարկման պահին հասանելի կլինեն նաև Panamera և Panamera 4 տարբերակները:

Շքեղ ու սպորտային ներսից և դրսից

Նոր Panamera-ն պահպանել է մոդելային շարքին բնորոշ գծերն ու համամասնությունները: Ավտոմեքենայի երկարությունը 5.052 մմ է, լայնությունը՝ 1.937 մմ, իսկ բարձրությունը՝ 1.423 մմ: Հիմնովին թարմացված կերպարը սպորտային սեդանին հաղորդում է ավելի տպավորիչ և սպորտային տեսք: Առջևում՝ համարանիշի վերևում տեղադրված լրացուցիչ օդամղիչը ապահովում է քարշակ համակարգերի օդի ավելացված պահանջը: Կողքից դիտելիս փոփոխված պատուհանի ուրվագիծն ավելի է ընդգծում չորսդռնանի սպորտային ավտոմեքենայի արտաքին տեսքը: Հետևի ապակու արտաքին եզրերը թափքի եզրագծի հետ նույն մակարդակի վրա են և ստեղծում են ներդաշնակ ուրվագծեր ավտոմեքենայի հետնամասում:

Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը կատարյալ հավասարակշռություն է ապահովում թվային և անալոգային կառավարման տարրերի միջև, ինչպես՝ վարելու համար առանցքային նշանակություն ունեցող մուտքային և ելքային տարրերի հարմարավետ տեղակայումը վարորդի հետ միևնույն առանցքի երկայնքով: ՓՓՏ լծակը գտնվում է ղեկանվի անմիջապես աջ կողմում: Ռեժիմների՝ Normal, Sport և Sport Plus վարման ծրագրերի փոխարկիչը, ինչպես նաև օժանդակող համակարգերի անջատիչները նույնպես անմիջականորեն հասանելի են վարորդին: Սա նշանակում է, որ վարորդը ստիպված չի լինի աչքը կտրել ճանապարհից՝ վարման ռեժիմները կամ օժանդակող համակարգերը կարգավորելու համար:

Ուղևորի համար նախատեսված օպցիոնալ էկրանը նրան դարձնում է վարելու ընթացքի մասնակից: 10.9 դյույմանոց դիսփլեյը ըստ պահանջի ցույց է տալիս ավտոմեքենայի կատարողականությանը վերաբերող տվյալները: Այն նաև թույլ է տալիս կառավարել տեղեկատվական-ժամանցային համակարգը, ինչպես նաև տեսահեռարձակում է ապահովում մեքենան ընթացքի մեջ գտնվելու ժամանակ: Ուղևորի համար նախատեսված էկրանը տեղադրված է այնպես, որ տեսանելի չլինի վարորդի նստատեղից՝ վերջինիս ուշադրությունը չշեղելու նպատակով։

Ավելի յուրօրինակ Panamera Turbo E-Hybrid

Turbo անվանումը կրող մոդելի տարբերակները յուրահատուկ դիրք են զբաղեցնում Porsche-ում՝ որպես կատարողականության ֆլագմաններ: Porsche-ն ամրապնդել է այս դիրքը մոդելային շարքում Panamera Turbo E-Hybrid-ի օգնությամբ: Արտաքինից մոդելն ունի հետնամասի տարբերվող թափարգել՝ դիֆուզորի ներկված պանելներով, և թափքի գույնի յուրօրինակ առջևի թափարգել: Արտանետման համակարգի քրոմապատ խողովակները մուգ բրոնզագույն են: Այս և մյուս մոդելների համար հասանելի են նաև օպցիոնալ կենտրոնական փականով անիվները:

Turbo մոդելների համար բացառիկ Turbonite հակադիր գույն ունեն կողային ապակիների զոլերը, բեռնախցիկի կափարիչի վրայի Turbo տարբերանշանը, ինչպես նաև Porsche գերբը ծածկոցի, անիվների և ղեկանվի վրա: Ավտոմեքենայի ներսում Turbonite գույնը համադրված է կարբոնե էլեմենտների հետ՝ սպորտային միջավայր ստեղծելու նպատակով: Այդ գույնի են, օրինակ, ցուցիչների վահանակի կենտրոնական տախոմետրը, ինչպես նաև կենտրոնական վահանակի կառավարման տարրերը:

Թվային փորձ և նոր օժանդակող համակարգեր

Նոր Panamera-ն կդառնա վարորդի թվային էկոհամակարգի անբաժանելի մասը: Անձնական Porsche ID-ով համակարգ մուտք գործելու համար հաճախորդները պետք է իրենց հեռախոսով սկանավորեն PCM-ում արտացոլվող QR կոդը: Apple CarPlay® և Android Auto համակարգերը թույլ են տալիս միացնել հեռախոսը ավտոմեքենային՝ ավելի հեշտ կառավարելու համար: Ավտոմեքենայի ֆունկցիաների ինտեգրումը MyPorsche հավելվածից Apple CarPlay®-ում օպտիմալացնում է թվային ֆունկցիաների աշխատանքը և այն դարձնում ավելի պարզ: Այնպիսի գործառույթները, ինչպիսիք են՝ օդորակումը, մերսումը և թույլ լուսավորությունը, հնարավոր է կառավարել անմիջապես Apple CarPlay® համակարգի կամ Siri® ձայնային օգնականի միջոցով:

Porsche-ն Panamera-ն համալրել է ստանդարտ Matrix LED լուսարձակներով: Որպես ընտրանք հասանելի է HD Matrix LED լուսավորման համակարգը՝ մեկ լուսարձակի համար ավելի քան 32,000 պիքսել կետայնությամբ: Այն առաջարկում է բոլորովին նոր լուսավորման գործառույթներ, օրինակ՝ երթևեկության հատուկ գոտու լուսավորություն: Լուսավորման միջակայքը մինչև 600 մետր է: Նոր Panamera-ում Porsche-ն նաև զգալիորեն թարմացրել է օժանդակող համակարգերի շրջանակը: Active Speed Assistant օժանդակող համակարգն այժմ փոխազդում է ճանապարհային նշանների ճանաչման հետ: Եթե համակարգն ակտիվ է՝ ավտոմատ կերպով Panamera-ն չի ընթանա արագության համապատասխան սահմանաչափից ավելի արագ: Porsche InnoDrive համակարգը ներառում է ադապտիվ կրուիզ-կոնտրոլ, երթևեկության գոտում ակտիվ կառավարման և խաչմերուկներն անցնելուն օժանդակող: Շրջադարձ կատարելուն օժանդակող համակարգն այժմ նույնպես ներառված է գործառույթների շարքում: Նորություններից է այն, որ ավտոմատ կայանման ժամանակ այժմ վարորդի՝ ավտոմեքենայի մեջ լինելը պարտադիր չէ, բայց, այնուամենայնիվ, մանևրի պատասխանատվությունը կրում է հենց նա: Կայանման ընթացքին կարելի է հետևել սմարթֆոնով՝ նոր Remote ParkAssist ֆունկցիայի օգնությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---