Բլինքենը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ․ Քննարկվել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր

Բլինքենը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ․ Քննարկվել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 27–ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկվել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում պետքարտուղար Բլինքենը քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը։ Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը», քանի որ Վաշինգտոնն աջակցում է վերջինիս՝ բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի վերաբերյալ տեսլականին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը Բլինքենը զրուցել է Ալիևի հետ։

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու նախագահ Ալիևի հանձնառությունը։ Պետքարտուղարը գիտակցում է այն ողջ տառապանքը, որ այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին, և ընդգծել այն օգուտները, որոնք խաղաղությունը կբերի բոլորին տարածաշրջանում: Պետքարտուղարը քննարկել է Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի] ամուր հարաբերությունները, մատնանշել հարաբերություններում առկա վերջին շրջանի մտահոգիչ դրույթները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների, հատկապես խաղաղ գործընթացի շուրջ, և բարձր մակարդակով ներգրավվածության կարևորության մասին»,- ասված է պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից:

Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---