Բլինքենի տեղակալ․ Փաշինյանը ձգտում է առաջ շարժվելու սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում

Բլինքենի տեղակալ․ Փաշինյանը ձգտում է առաջ շարժվելու սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ միտված են ապահովելու այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել է Հայաստանը վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է: Այն, թե ինչպես ԵՄ-ն կորոշի դա իրականացնել այնտեղ, իր գործն է, բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ վստահ լինելու համար, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է Ջեյմս Օ'Բրայանը:

Պետքարտուղարի տեղակալը առաջարկել է, որ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցության հետ կապված հարցին պատասխանեն իր ԵՄ գործընկերները։

Ավելի վաղ Ջեյմս Օ՛Բրայանը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել էր, որ Առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Բաքուն հիմա ուժի դիրքերից է խոսում բանակցություններում, սակայն, նույնիսկ հաղթող կողմը պետք է իմանա՝ երբ է պետք կանգ առնել և գործարք կնքել՝ առավել շահավետ առաջարկի սպասելու փոխարեն»,- հայտարարել էր պետքարտուղարի օգնականը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---