Օսկանյան․ Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով

Օսկանյան․ Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։

Օսկանյանը նշել է, որ դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի։

«Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով, ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։

Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։

Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։

Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։

Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում», ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում»,–ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրել է պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։

Օսկանյանը հավելել է, որ ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։

«Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։ Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրկանությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։

Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։ Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիոքվ երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---