Նախագահ․ Գազի հարցում գիտակցում ենք՝ ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում 1 մատակարարից կախված լինելը

Նախագահ․ Գազի հարցում գիտակցում ենք՝ ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում 1 մատակարարից կախված լինելը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ գազի հետ կապված բոլորն են գիտակցում, թե ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում, երբ կախված ենք ընդամենը մեկ մատակարարից։

Նա շեշտել է, որ կապ չունի, թե մատակարարն ով է, ինչ է, գրում է «Ազատությունը»։

«Շուկայական տնտեսության մեջ ցանկացած բնագավառում, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել», - ասել է նախագահը՝ կարևորելով ոլորտում բարեփոխումները։

Որպես լրջագույն աշխատանք Խաչատրյանը շեշտել է ԱՄՆ-ի ՄԶԳ գործակալության աշխատանքը՝ նշելով, որ այն մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այս բարեփոխումները շարունակական դարձնելու համար։

Նախագահը որպես օրինակ նշել է էլեկտրաէներգիայի մատակարարման բնագավառը՝ ընդգծելով, որ բարեփոխումներն արդյունքներ արդեն տալիս են։

«Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և սպասվելիք ժամանակաշրջանում այդ փոփոխություններն ավելի են մեծանալու», - ասել է նախագահը՝ վկայակոչելով կառավարության որոշումը։

Նա հավելել է, որ փոփոխությունների արդյունքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը վերջնական սպառման մեջ 2030 թվականին, ներառյալ նաև խոշոր հիդրոկայանները, կհասնի 50 տոկոսի, իսկ 40 թվականին՝ 60 տոկոսի։

«Այստեղ, եթե մենաշնորհային կառավարման ցանկությունը լինի, խոչընդոտ է լինելու, պետք է կարողանալ կարգավորող մարմինների միջոցով էդ ախորժակը նվազեցնել», - ասել է Խաչատուրյանը։

Հայաստանը ներկայումս գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից, Իրանին գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---